Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է առաջադրվել 2017թ. նախագահական ընտրություններին: Այդ նպատակով նա անգամ Figaro Magazine ամսագրում հրատարակել է իր նախընտրական ամբողջ ծրագիրը: Ծրագիրն ու Սարկոզիի թեկնածությունը կարող է քննարկվել միայն այն ժամանակ, երբ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը նրան կընտրի որպես թեկնածու:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նախընտրական ծրագրում Սարկոզին առաջարկում է մի շարք տնտեսական լուրջ բարեփոխումներ: Նա առաջարկում է, որ միասեռականներին արգելվի արհեստական ճանապարհով երեխա ունենալ:

 

Նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ Նիկոլյա Սարկոզին պարտվեց Ֆրանսիայի ներկայիս Նախագահ Ֆրանսուա Օլանդին: Սարկոզին, ինչպես նաև Օլանդն իրենց նախագահության ընթացքում հանդես եկան կոշտ դիրքորոշամբ դեպի Մերձավոր Արևելքն ու պաշտպանեցին ԱՄՆ դիրքորոշումն' «արաբական գարնան» հետ կապված:

 

Սարկոզիի նախագահության շրջանը լի էր նաև անձնական բնույթի սկանդալներով: Վերջինիս ամուսնալուծությունն ու ամուսնությունը ֆրանսիացի մոդել և երգչուհի Կառլա Բրունիի հետ ամիսներ շարունակ քննարկման թեմա էր ամբողջ աշխարհում:

 

Իր նախագահություն ընթացքում Սարկոզին այցելել է նաև Հայաստան: Հայաստանում' Երևանի Ֆրանսիայի հրապարակում Սարկոզին հայտարարեց, որ Ֆրանսիան կճանաչի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի Սենատն այն ճանաչեց, սակայն հետագայում օրինագիծը ներկայացվեց Սահմանադրական դատարան և ճանաչվեց հակասահմանադրական մի շարք դրույթներով: