«Իսլամական պետություն» արմատական խմբավորման կողմից գերեվարված ամերիկացի Փիթեր Քեսինգի ծնողները հրապարակել են որդու լուսանկարները և նամակի մի հատվածը, որը նա գրել է գերության մեջ գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նամակում Քեսինգը գրել է, որ վախենում է մահից, սակայն իրեն օգնում է հավատքը:
Ուրբաթ օրը համացանցում հայտնվել է տաքսու բրիտանացի վարորդ Ալան Հեննինգի գլխատման տեսագրությունը ԻՊ-ի գրոհայինների կողմից: Տեսագրությունը կրկնում է իսլամիստների այլ տեսանյութերը, որտեղ ցուցադրվում են պատանդների գլխատումները: Տեսանյութն ավարտվում է զինյալների սպառնալիքով մի «ամերիկացու» հանդեպ:
Ծնողներին ուղարկած նամակում Փիթերն ասել է, որ օրական հինգ անգամ աղոթք է կարդում: Ընդունելով մահմեդականությունը՝ նա նոր անուն է վերցրել՝ Աբդուլ Ռահման:
«Մենք դա տեսնում ենք, որպես մեր որդու երկար հոգևոր ճամփորդության մի մաս»,- ասում են ծնողները:
Նրանք պատմել են, որ Փիթերը նամակում իրենց շնորհակալություն է հայտնել և ասել, որ իրան դաստիարակելը հեշտ չի եղել:
«Եթե ես մահանամ, ապա մենք գոնե կկարողանանք մխիթարվել նրանով, որ այդ ամենը պատահել է այն մարդկանց տառապանքները մեղմելու համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- գրել է Փիթերը:
Նրա ծնողներն ասել են, որ իրենց որդին մի քանի տարի Լիբանանի հիվանդանոցներից մեկում կամավոր է եղել, ինչպես նաև օգնել է սիրիացի փախստականներին: