Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդը երկու վիրահատության է ենթարկվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:
Նա նշեց, որ դանակով վնասված է եղել Արգամ Հովիկյանի կրծքավանդակը՝ կարվել է ստոծանին, վիրահատվել է որովայնը:
«Կրծքավանդակն էր բացվել, ստոծանին ծակել-մտել էր որովայնի խոռոչ: Առաջին հերթին կրծքավանդակն է բացվել, մաքրվել և կատարվել է ստենդավորում: Երկրորդը՝ բացվել է որովայնը, արյունն է մաքրվել»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ հիվանդը վիրահատություններից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Բժշկի խոսքով՝ Արգամ Հովիկյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գիտակցությունը տեղն է, արհեստական շնչառական ապարատին միացված չէ:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզից Արմավիրի հիվանդանոց էր տեղափոխվել նաև մանկապարտեզում պատանդառված երեխան:
Սոնա Հարությունյան