Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի ազգային քարոզարշավ է սկսել: Այն կոչ է անում հայերին հոկտեմբերի 7-ին միավորվել եւ զանգահարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Քեվին Մըքքարթիին, որպեսզի նա լսումների եւ քվեարկության համար օրակարգ բերի ՆՊ 4347 օրինագիծը' ապահովելու Թուրքիայի կողմից գողացված հայկական եւ քրիստոնեական այլ եկեղեցիների վերադարձը տերերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օրինագիծը պաշտպանում է Թուրքիայում ապրող քրիստոնյաների կրոնական ազատությունները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 2014թ. հունիսի 26-ի լսումների ժամանակ ընդունեց Կրոնական ազատությունների մասին օրինագիծը (ՆՊ 4347), որի նպատակն է երաշխավորել Թուրքիայում քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Օրինագիծն Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին:
ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, 1974 թվականից ի վեր թուրքերն ավերել են 500 եկեղեցի, ոչնչացրել կամ վաճառել եկեղեցիներում պահվող արժեքավոր իրերը, սրբապատկերները: Շուրջ 77 եղեղեցի վերածվել է մզկիթի, ևս 28 եկեղեցի վերածվել է ռազմական հոսպիտալի: