Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Արդեն այս առումով կատարվել է հսկայական աշխատանք, մենք մոտ 4-7 տարի ժամկետով ստանալու ենք մինչև 800 արտոնություն: Այդ արտոնությունները տնտեսական արտոնություններ են, որոնց իրենց գնահատականը կտան տնտեսագետները, երբ մենք արդեն կստորագրենք անդամակցության պայմանագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

 

Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ, անդակամցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը հնարավորություն է ստանում մուտք գործել 170-միլիոնանոց շուկա: «Այս առումով հասկանալի է, որ մենք լուրջ աշխատանք ունենք անելու, որպեսզի կարողանանք օգտագործել մեր հնարավորությունները և երկիրը տանել տնտեսական զարգացման ճանապարհով: Այդ աշխատանքն ավելի շատ է լինելու, քան մենք պատկերացնում ենք»,- ընդգծեց պատգամավորը:

 

Պատգամավորի խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է չմոռանանք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում և այս իրավիճակում կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը»,- նկատեց պատգամավորը: