Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կմիանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
Համապատասխան համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի հանդիպման ժամանակ: Կքննարկվի նաև Վիետնամի, Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ փոխգործակցության ընդլայնումը:
Ուշակովը նաև նշել է, որ հանդիպման մասնակիցները կվերլուծեն Մաքսային միությանը Ղրղըզստանի միացման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը:
Հոկտեմբերի 10-ին Մինսկի հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները: Այն կլինի այս տարվա չորրորդ հանդիպումը: Կրեմլի ներկայացուցիչը կանխատեսում է, որ երկրների ղեկավարները դեկտեմբերին Մոսկվայում անցկացվելիք ևս մեկ հանդիպման մասին կպայմանավորվեն: Նա հստակեցրել է, որ ԵՏՄ-ի գործունեությունը սկսելուց առաջ հարկավոր է ևս 50-ի մոտ նորմատիվ ակտեր ընդունել: