ՌԴ Պետդուման դեկտեմբերի 10-ին վավերացրել Է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Այդ որոշումը պատգամավորներն ընդունել են միաձայն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի նախագահների կողմից ստորագրվել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերի 10-ի նիստում: Այն բազային փաստաթուղթ Է, որը բովանդակում Է ՌԴ-, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ եւ նպատակամղված Է ընդհանուր Միության գործունեության իրավական հիմքի ձեւավորմանը:
Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ Է դառնում պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ մասնակից բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերի ավարտից հետո, բայց 2015 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ:
Ինչպես Պետդումայի ամբիոնից հայտարարել Է պալատի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, Եվրասիական միությանը Հայաստանի միանալը պատմական իրադարձություն Է ԵՏՄ-ի ստեղծման ճանապարհին: «Հայաստանն առավելագույն կամք դրսեւորեց զարգացման եվրոպական ուղիով ընթանալու համար: Դա պատմական որոշում Է ԵՏՄ-ի ամբողջ կառույցի ձեւավորման առումով»,-ընդգծել Է նա:
Սլուցկու խոսքով՝ պայմանագիրը բովանդակում Է վեց հոդված եւ հինգ հավելված, որոնք «ամբողջությամբ լուծում են հարցերի ամբողջ համալիրը, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացակայության»: Նա նաեւ հայտնել Է, որ մինչեւ դեկտեմբերի վերջը այդ պայմանագրի վավերացման հարցը պետք Է քննարկվի Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում:
Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը 2014 թվականի մայիսին 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: