Պետդուման դեկտեմբերի 10-ին կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման հարցը: Փաստաթուղթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն է ներկայացվել դեկտեմբերի 2-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հայաստանն առավելագույն կամք դրսեւորեց զարգացման եվրասիական ուղիով ընթանալու համար: Դա պատմական որոշում է ԵՏՄ-ի կառույցի ձեւավորման առումով»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Նա ընդգծել է, որ պայմանագրի շրջանակներում «հաջողվել է գտնել բոլոր հարցերի լուծումը, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացակայության»:
Փաստաթուղթը բազային է, այն բովանդակում է ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ եւ նպատակամղված է ընդհանուր Միության գործունեության իրավական հիմքի ձեւավորմանը: Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ է դառնում այդ փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ մասնակից երկրներում վավերացման բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, բայց 2015 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ:
Պայմանագիրը հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից: