Ճապոնացի փրկարարները հոկտեմբերի 8-ին հայտնաբերել են Օնտակե հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածներից ևս մեկի մարմինը, այդպիսով զոհերի թիվը հասել է 55-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսօր հաղորդել է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:

 

Անհայտ կորած է համարվում 9 մարդ: Դրանք հրաբխի ժայթքման հետևանքով ամենամեծ թվով զոհերն են երկրի ամբողջ հետպատերազմյան պատմության ընթացքում:

 

Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին: Մարդկանց մեծամասնության մահվան պատճառ են դարձել հրաբխային քարերի արտանետման հետևանքով ստացված մեծաթիվ վնասվածքները: Ըստ գիտնականների հաշվարկների՝ դրանց տրամագիծը կազմել է 10 և ավելի սանտիմետր, իսկ անկման արագությունը՝ ժամում շուրջ 300 կիլոմետր:

 

Կորածների որոնումները բարդանում են անբարենապաստ եղանակային պայմանների պատճառով. այսպես, հանգստյան օրերին փրկարարները չեն կարողացել դուրս գալ լեռներ «Ֆանֆոն» թայֆունի բերած տեղատարափ անձրևների և քամու պատճառով, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: