Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես, Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում է այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում' «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշվում է Հայ հեղափոխական դաշնակցության տարածած հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ Թուրքիան փակել է Սիրիայի հետ իր սահմանի այս հատվածը՝ թույլ չտալու համար, որ իր ճանապարհով օժանդակություն հասնի Քոբանիի քրդական դիմադրությանը։
«Այս դեպքում Թուրքիայով ճամփան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թույլ է տվել, որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դեպի Սիրիա, ներառյալ՝ Քեսապ։ Թուրքիան իր այս կեցվածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ հայտարարելով:
Իրականում, սակայն, նպատակն է Քոբանիի անկումից հետո հարձակումները շարունակել դեպի Քամիշլի եւ այլուր՝ մարդկային բոլոր զոհերով հանդերձ։ Փաստորեն, աջակցելով «Իսլամական պետության» այս գործողություններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցության տակ առնել այն եւ այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայ հեղափոխական դաշնակցությունն իր զորակցությունն է հայտնում, փաստորեն, թուրքական այս ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին և պահանջում է միջազգային համայնքից՝ բոլոր միջոցներով կանխել այդ ագրեսիան, ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը ամբողջ շրջանում։ ՀՅԴ-ն Քոբանիում արդեն տեղի ունեցած եւ հետագա բոլոր ողբերգությունների, այդտեղ մարդկության դեմ ոճիրների գլխավոր պատասխանատուն է համարում Թուրքիային։