Ադրբեջանի ընդդիմության եւ ժողովրդավար ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը հոկտեմբերի 12-ին Բաքվի «Մահսուլ» մարզադաշտում «ազատություն քաղբանտրակյալներին» կարգախոսով բազմահազարանոց միտինգ է անցկացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, իշխանությունները փորձել են խոչընդոտել թույլատրված միտինգի անցկացումը: Իրավապահները միտինգի մասնակիցներին թույլատրել են մտնել մարզադաշտ ակցիայից 15 րոպե առաջ' պատճառաբանելով, թե իբր ոստիկանությունը ռումբ է «որոնում» այնտեղ: Ակցիան սկսվելուց անմիջապես հետո մի քանի սադրիչներ պարզել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: Ակցիայի կազմակերպիչներն անմիջապես հեռացրել են նրանց մարզադաշտից եւ հանձնել իրավապահներին: Որոշ ժամանակ անց այդ մարդիկ կրկին հայտնվել են մարզադաշտում, ինչը խոսում է այն մասին, որ սադրանքը կազմակերպել են իշխանությունները:
Միտինգում ելույթ է ունեցել «Ազգային խորհրդի» առաջնորդ Ջամիլ Հասանլին, ով ասել է, որ եթե մեկ տարի առաջ Ադրբեջանում 10-15 քաղբանտարկյալներ կային, ապա այժմ նրանց թիվը հասել է 110-115-ի:
«Միայն բռնապետական ռեժիմներն են սեփական ժողովրդի հետ այսպես վարվում: 1937 թվականի ռեպրեսիաներից հետո նույնիսկ մեր չհավանած խորհրդային ռեժիմը չէր գնում նման ձերբակալությունների: Իսկ Ադրբեջանում ընտանիքներ են ձերբակալվում», -ասել է նա' նկատի ունենալով կալանված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսներ ամուսիններին:
Ջամիլ Հասանլին ասել է, որ բոլոր կալանավորվածները բանտ են նետվել մարդու իրավունքները պաշտպանելու համար: «Մեր նպատակն ու ցանկությունը քաղաքական բանտարկյալների անմիջապես եւ առանց պայմանների ազատ արձակումն է», -ասել է ընդդիմության առաջնորդը:
Միտինգում ակցիայի մասնակիցների անունից հայտարարություն է տարածվել, որում իշխանություններից պահանջվել է ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերջ դնել ռեպրեսիաներին եւ ազատ մամուլի ու դեմոկրատական կառույցների նկատմամբ ճնշումներին, ընտրական բարեփոխումներ անցկացնել եւ խորացնել Եվրամիության հետ Ադրբեջանի ինտեգրումը: