«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դիրքերի վրա Սիրիայում և Իրաքում միայն ռազմաօդային հարվածներ հասցնելով հնարավոր չէ ոչնչացնել ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար գեներալ Թոմաս Լոուսոնը:
«Օդուժից արված հարվածները չեն կարող համապատասխան կերպով վնասել «Իսլամական պետությանը»,- հայտարարել է Լոուսոնը' նշելով, որ անհրաժեշտ է իսլամիստների դեմ սկսել ցամաքային գործողություններ: Կանադայի պաշտպանության նախարարի համոզմամբ' ԻԼԻՊ-ի դեմ գործող կոալիցիոն ուժերը կարող են մարզել իրաքցի զինվորներին, որոնք էլ կիրականացնեն ցամաքային գործողությունները: «Դա կլինի մեր ռազմավարության հաջորդ փուլը»,- ասել է Լոուսոնը' հայտնելով նաև, որ այս տեսակետն ընդունում են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մյուս անդամները:
ԻԼԻՊ-ի դեմ պայքար տանելու համար Կանադան արդեն Մերձավոր Արևելք է ուղարկել ինը ռազմական ինքնաթիռ և 600 զինծառայող: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտնել էր, որ կանադական օդուժը ռմբակոծելու է միայն Իրաքի տարածքում գտնվող ահաբեկիչներին: Նա հավելել էր նաև, որ կանադացի զինծառայողները չեն մասնակցելու ԻԼԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններին: