Թուրքիայի կառավարությունը վերսկսել է արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի շարժման (նուրսիստների) դեմ հատուկ գործողությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը' նշելով, որ հատուկ գործողությունների շրջանակում Անկարայում ձերբակալվել են թուրքական հետախուզության 18 աշխատակիցներ: Ձերբակալվածների թվում են հետախուզական վարչության նախկին ղեկավար Օմեր Ալթըփարմաքը և ահաբեկչության դեմ պայքարի Անկարայի ոստիկանապետի նախկին տեղակալ Լոքման Քըրջըլըն:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ հուլիսի 22-ին Թուրքիայում անցկացված գործողությունների շրջանակում ձերբակալվել են ոստիկանության 70-ից ավելի աշխատակիցներ: Ձերբակալվածների մեջ նշվել էր թուրքական հետախուզության Ստամբուլի բաժանմունքի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի անունը:

 

Թուրքական ԶԼՄ-ներն այս տարվա հունվարին հայտնել էին, որ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում լսվել էին թուրքական հետախուզության պետ Հական Ֆիդանի, երկրի վարչապետի և նախագահի հեռախոսային խոսակցությունները:

 

Դրանից հետո նախկին վարչապետ, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆաթուլլահ Գյուլենին մեղադրել է այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսային խոսակցությունները լսելու հետևում:

 

Էրդողանը նաև նշել է, որ Գյուլենի շարժումը (որը նա անվանել է «զուհագեռ կառույց») իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է հանդիսանում, այլ' քաղաքականացված և անլեգալ կառույց: Էրդողանը Գյուլենին կոչ էր արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին և ԱՄՆ-ին մեղադրել էր նրան պաշտպանելու մեջ:

 

Ֆաթուլլահ Գյուլենի դեմ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել' պետական հեղաշրջման փորձի և երկրի դեմ լրտեսության մեղադրանքներով: Էրդողանը նաև հայտարարել է, որ Գյուլենը պետք է արտահանձնվի ԱՄՆ-ից: ԱՄՆ-ի իշխանություններն էլ հայտարարել են, որ Գյուլենի արտահանձնումն անթույլատրելի է: