Հարավային Կորեան քանդել է ԿԺԴՀ-ի հետ սահմանի մոտ տեղադրված մետաղյա տոնածառը, այն համարել են վտանգավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Այն վայրում, որտեղ կանգնած էր ամանորյա զարդը, զբոսայգի կհիմնեն:
Հարավային Կորեայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ 30-մետրանոց մետաղական տոնածառն ավանդաբար զարդարվում էր փայլատակող լամպերով: Այն գտնվում էր 155 մետր բարձրությամբ բլրի վրա՝ երկրի հյուսիսում՝ ԿԺԴՀ-ի սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա և այնտեղ կանգնած էր 43 տարի:
Տոնականորեն զարդարված եղևնին, որը լուսարձակում էր հազարավոր լապտերիկներով, լավ երևում էր Հյուսիսային Կորեայի տարածքից և Փհենյանի կողմից գնահատվում էր որպես «հոգեբանական պատերազմի զենք» կոմունիստական վարչակարգի դեմ:
Տոնածառի ամենամյա լուսավորումը 2004 թվականին ժամանակավորապես չեղյալ էր հայտարարվել, սակայն 2010 թվականին ավանդույթը վերականգնել էին ԿԺԴՀ-ի մի շարք զինված սադրանքներից հետո:
2013 թվականին արարողությունը չեղարկվել է ԿԺԴՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեի կողմից հնչած ուղղակի սպառնալիքներից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: