Հարավային Կորեայում կրկին փակվել են պետական թանգարանները, պատկերասրահները և թատրոնները, որոնք նախօրեին բացվել էին՝ կարանտինի մեղմացման կապակցությամբ, գրում է Интерфакс գործակալությունը։
Սեուլում կորոնավիրուսի նոր դեպքեր հայտնվելուց հետո որոշում է կայացվել կրկին վերադառնալ խիստ սահմանափակումներին։
Հարավային Կորեայի կառավարությունը խստացրել է նաև կրթական ոլորտում միջոցառումների կազմակերպումը: Նախակրթարանները և միջնակարգ դպրոցները, ներառյալ մայրաքաղաքում և նրա արվարձաններում, պարտավոր են սահմանափակել ուսանողների թիվը, որը չպետք է գերազանցի բոլոր ուսանողների ընդհանուր թվի մեկ երրորդը:
Հարավային Կորեայի կրթության նախարարությունը հիշեցրել է նաև հաստատություններում սոցիալական հեռավորության պարտադիր պահպանումը:
Երկրորդ օրն անընդմեջ Հարավային Կորեայում արձանագրվում է հիվանդության ավելի քան 50 նոր դեպք: