Այցով Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցություններն այդ երկրի ղեկավարության հետ հավաստել են, որ Հյուսիսային Կորեային դիմակայելու բնագավառում երկու երկրների դաշինքն ումուր է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են Սեուլի ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի պետքարտուղարը Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Յուն Բեն Սեի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշինքը «ամում է, քան երբևէ», և «հյուսիսկորեական սադրանքների» նկատմամբ երկու երկրների դիրքորոշումները բնավ չեն տարբերվում:
Նա ասել է. «Մեր միջև ամուր միասնություն կա ԿԺԴՀ-ի կողմից ամեն տեսակ սպառնալիքներին դիմակայելու հարցում, որը վերջին ժամանակներս իր գործելակերպով էլ ավելի է ընդգծում, որ չի ցանկանում ողջամտություն ցուցաբերել և վերադառնալ միջուկազերծման բանակցությունների սեղանի շուրջ»:
Միևնույն ժամանակ Յուն Բեն Սեն նշել է, որ Սեուլը և Վաշինգտոնը մտադիր են ուժեղացնել ջանքերը, որպեսզի Փհենյանին դրդեն երկխոսության:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, մայիսի 18-ին Քերիի հետ հանդիպել է նաև Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն: Նախագահի ներկայացուցչի տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների հետ կապված հարցերը, սակայն կայացած զրույցի մանրամասներ չեն հաղորդվում: