Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք են կազմակերպել «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները:
Հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.
«Միլիոնավոր մարդիկ անգործ են մնացել, գործազրկության թիվը հասել է 40%-ի, ժողովրդի 90%-ը վարկերի տակ է: Այսօր հարցը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է լուծվի, պայման և հնարավորություն պետք է ստեղծվի: Ամոթ է մեզ մեր ստեղծած կարգավիճակի համար: Պետք է աշխատող ժողովուրդը կարողանա աշխատի, իր ընտանիքը պահի: Ծառուկյանին ոչ մի ձևով չեն կարող վախեցնել, Ծառուկյանն ամեն ինչ տեսել է՝ դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել: Ծառուկյանը միշտ իր գործը առաջ է տարել»:
ԲՀԿ-ի առաջնորդը նկատում է, որ չնայած խոսում են, թե Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը չի անի, կամ Ծառուկյանի ինչին է պետք անցավ գլուխը ցավի տակ դնելու, բայց կարծում է, որ մեկը պետք է լինի, որը ոչ թե իր մասին կմտածի, այլ ազգի, պետության, ժողովրդի: Ըստ նրան՝ մի մարդը չի կարող լավ լինել, ազգովի պետք է լավ լինեն, և ինքը այսօր նորից ասում է' չկա մի բան, որ Ծառուկյանն ասի ու չանի, ինչ որ խոսք է տվել, ժամանակից շուտ է արել:
«Վեջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետևանք՝ մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ և արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ: Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման հավատ ներշնչող որևէ խելամիտ ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի է վատանալու: Հենց այս պահին իշխանություններն առաջ են քաշում սահամանադրական փոփոխությունների գաղափարը, որպեսզի վերարատադրվեն և շարունակեն Հայաստանը կառավարել նույն մեթոդներով և նույն մարդկանցով,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հարց ուղղելով ժողովրդին. «Դուք համաձա՞յն եք իշխանության այդ քայլերին»: Ժողովուրդը բղավեց՝ ո'չ:
«Ես, որպես ԲՀԿ նախագահ, տեղեկացնում եմ, որ մենք ձեզ հետ միասին իրականացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը: Հայաստանը զարգացնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր որակի քաղաքականություն»,- ասաց Ծառուկյանը և նորից հարց ուղղեց ժողովրդին. «Դուք համաձա՞յն եք»... Լսվեց նույն պատասխանը:
«Կյանքն այսօր պարտադրում է գնալու արմատական փոփոխությունների: Հայսատանում փոփոխությունները անխուսափելի են: Մենք կողմ ենք խաղաղ անցում իշխանություններին: Իմ ղեկավարած կուսակցությունը և իմ գործընկեր կուսակցույթունները պատրաստ են ցանկացած սցենարի: Մենք Մայդանի փորձ չենք անում, բայց դրա հակառակը չպետք է լինի լճացումը: Սփյուռքի հսկայական ներուժը պետք է վերջապես օգտագործվի: Ես դիմում եմ Սփյուռքին. Հայաստանն ունի ձեր կարիքը:
Ծառուկյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվանից սկսած՝ ողջ Հայաստանում բացվելու են համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորում ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար: