Թեպետ ժամանակակից Թուրքիան փորձում է իր վրայից ջնջել Հայոց ցեղասպանության հարցում կոշտ ժխտողական դիրքորոշում ունեցող պետության պիտակավորումը, այդուհանդերձ պաշտոնական Անկարայի ջանքերը հաջողությամբ չեն պսակվում: Ստամբուլի Մարմարայի համալսարանում նոր ուսումնական տարվա կապակցությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, հայտարարեց, որ Թուրքիան այլևս հանդես չի գա «չտեսնող և չլսող» պետության դիրքերից: Նա կոչ արեց բոլորին 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման համար գնալ գրադարաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հատուկ ուսումնասիրություն է կատարել տարբեր թուրքական քաղաքների գրադարաններում Հայոց ցեղասպանության մասին առկա գրակության վերաբերյալ, որում պարզել է, որ գրադարաններում առկա գրքերի ճնշող մեծամասնության մեջ պաշտպանվում է պաշտոնական թեզը:

 

Ըստ այդ ուսումնասիրության' Թաքսիմի Աթաթուրքի անվան գրադարանում «ցեղասպանություն» բառը պարունակող 56 գիրք կա, որոնցից միայն 4-ն է, որ չեն համապատասխանում պաշտոնական թեզին: Այդ գրքերից 9-ում պաշտպանվում է տեսակետն այն մասին, թե հայերը ցեղասպանության չեն ենթարկվել:

 

Ստամբուլի ամենամեծը համարվող Բայազեթի գրադարանում ևս իրավիճակը նույնն է: «Ցեղասպանություն» բառով փնտրվող գրքերի թիվը 125 է, և դրանցից միայն 16-ն է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական թեզին հակառակ տեսություններ են պարունակում: Գրքերից 36-ը ամբողջապես լցված են Հայոց ցեղասպանության մասին թուրքական կեղծ պատմագրական նյութերով:

 

Գրքերով ամենահարուստ Անկարայի ազգային գրադարանում «ցեղասպանություն» եզրույթով 156 գիրք կա: Ստամբուլի գրադարաններից այս գրադարանն առանձնանում է նրանով, որ այստեղ մեծ արխիվ կա այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ: Այստեղ ցեղասպանություններին առնչվող ցանկացած չորրորդ գիրքը պատմում է Խոջալուի դեպքերի մասին, ընդ որում, բոլոր գրքերը ադրբեջանցի հեղինակների կողմից են գրված: Անկարայի ազգային գրադարանի 28 գիրք Հայոց ցեղասպանության մասին պատմում է թուրքական պաշտոնական թեզի շրջանակներից: