ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 4-5-ը Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել է Արցախի Հանրապետություն՝ քննարկելու քաղաքաշինական խնդիրներ:

 

ԼՂՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարությունների միջեւ համագործակցությանը եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին և պատվիրակության անդամներին, վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի Հայաստան- Արցախ՝ քաղաքաշինական արդյունավետ համագործակցություն ձևավորելուն, միաժամանակ շեշտելով. «Ակնկալում եմ, որ ձեր մասնակցությունը լինելու է ոչ միայն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայման, այլ ընդհանրապես՝ նոր որակի քաղաքականություն իրականացնելու միջոցով՝ երկուստեք լուրջ համագործակցություն ծավալելու հնարավորությունների ստեղծման համատեքստում»:

 

Իր խոսքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ՝ առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը, որի շրջանակում արդեն իսկ ուրվագծվել է համագործակցության հիմնական սկզբունքները ներառող ճանապարհային քարտեզը: Այս առումով նախարար Սարգսյանը հատուկ կարևորել է Հայաստան- Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակումը:

 

«Պայմանավորվել ենք ԼՂՀ քաղշիննախարարի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել, որն իր մեջ կներառի 2 կառուցվածքների ակտիվ մասնակցություն բոլոր ուղղություններով: Պատրաստ ենք նաև քաղաքաշինական պլանավորման, տարածքների հատակագծման փաստաթղթերի, գոտևորման նախագծերի իրականացման հարցում լուրջ աջակցություն տրամադրել Հայաստան- Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակման սկիզբը դնելով:

 

Հայաստանի քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև Արցախի մայրաքաղաքի կենտրոնի վերաբերյալ մասնագիտական մրցույթ կազմակերպելու՝ ԼՂՀ նախագահի կողմից ավելի վաղ արված առաջարկությանը, ուր ներգրավված կլինեն ՀՀ և ԼՂՀ լավագույն ուժերը»:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, «Հայնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ԼՂՀ «Ճարտնախագիծ» ընկերության տնօրեն, ճարտարապետ Մամիկոն Ֆարսյանը, «Հայնախագիծ» ՓԲԸ արվեստանոցների ներկայացուցիչները: