Ոստիկանությունում միացած տագնապի ազդանշանային համակարգը հնարավորություն է տվել դեպքից քիչ անց բռնել երեւանյան խանութում գողություն անողին: Նոյեմբերի 7-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի կապի կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քոչարյան փողոցի 4/1 հասցեում գտնվող խանութում միացել է տագնապի ազդանշանային համակարգը:

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել պահպանության բաժնի խումբը' օպերատիվ խմբով, և ժամը 04.30-ին բերման ենթարկել 1978 թ. ծնված Մաքսիմ Ա.-ին: Նա խոստովանել է, որ ընկերոջ' ոմն Գագիկի հետ նույն օրը, ժամը 04.00-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, խանութի մուտքի դուռը կոտրելով՝ մտել են ներս և գողություն կատարել:

 

Նույն օրը, ժամը 05.00-ին, խանութի տնօրենից ընդունվել է հաղորդում, որ խանութից գողացել են կանխիկ գումար և 2 շիշ կոնյակ' պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս: Գողոնը մասամբ առգրավվել է: Մաքսիմ Ա.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Գագի կի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: