Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է, թե «բնական է, որ հայերը չեն կարողանում մոտենալ խոցված ուղղաթիռին»:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բյուլբյուլօղլին հայտարարել է «Կոմերսանտ ՖՄ» ռադիոյի եթերում: Բյուլբյուլօղլին «տարակուսանք» է հայտնել այն կապակցությամբ, որ ռադիոկայանը եթեր է տրամադրել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչին:

 

Ադրբեջանի դեսպանը կրկնել է արդեն 20 տարի չարչրկված խոսքերն այն մասին, թե ԼՂ-ն «ադրբեջանական տարածք» է, և «առանց իրենց թույլտվության» ոչ ոք չի կարող մուտք գործել այնտեղ: Բյուլբյուլօղլին արհամարհանքով է խոսել միջադեպի հետ կապված բոլոր ԶԼՄ-ներով հնչած միջազգային հանրության անհանգստության մասին:

 

Աշխարհը վաղուց է Ադրբեջանին ճանաչում որպես թիկունքից, դարանից խփող, անզեն, քնած մարդուն կացնահարող, մարդասպանին հերոսացնող եւ, բնական է, որ Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին չի դավաճանում իր տեսակին:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ, ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, և ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ԼՂՀ հետ սահմանում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք է իրագործել, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքներն այն մասին, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են նախաձեռնել իրենց դիրքերի վրա, եւ իբր իրենք միայն պատասխանել են այդ քայլին, անիմաստ են:

 

«Այդ աննախադեպ սրման հետևանքները խիստ ցավագին կլինեն ադրբեջանական կողմի համար և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճի վրա»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Ադրբեջանի ԶՈւ կողմից սադրիչ այդ միջադեպը դատապարտել են ՀՀ ԱԳՆ-ը, ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀԱՊԿ-ը: