ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա Էդգար Սիմոնյանին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը նոյեմբերի 12-ի երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևան' վիրահատության նպատակով: Երեխան ունի զույգ բազկոսկրերի, ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ, ինչպես նաև տարբեր աստիճանի այրվածքներ:

 

 

Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ նոյեմբերի 13-ին երեք ժամ տևած վիրահատությունը բարահաջող է անցել: «Երեխայի մոտ կատարվել է զույգ վերջույթների ոսկրաբեկորների փակ համադրում և ամրակայում' արտաօջախային սարքի միջոցով:

 

 

Կոտրվածքի հատվածը չի բացվել, այլ փակ եղանակով, ռենտգեն հսկողության հատուկ սարքով կատարվել է ոսկրաբեկորների ճիշտ համադրություն, ինչը կնպաստի ոսկրերի առավել արագ ամրակայմանը և վերականգնմանը»,- ասել է բժշկական կենտրոնի ղեկավարը:

 

 

Նախարարը զրուցել է Էդմոնի հետ' մաղթել նրան շուտափույտ առողջացում: Էդմոնը պատմել է, որ սովորում է 8-րդ դասարանում: Հպարտությամբ նշել է, որ գյումրեցի է և, ապաքինվելուն պես, ցանկանում է շարունակել ըմբշամարտի պարապմունքները:

 

 

Մասնագետների խոսքով' ստորին վերջույթների կայունացումից հետո, երկու-երեք շաբաթ անց Էդմոնը կկարողանա քայլել: Նախարարը հետաքրքրվել է նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող մյուս հիվանդների առողջական վիճակով, ինչպես նաև այցելել նորածնային պաթոլոգիաների բաժանմունք:

 

 

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից: Վիրավորներից' 47-ամյա կինը, ով ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

Գյումրու բժշկական կենտրոնում է գտնվում նաև 14-ամյա Էդմոն Սիմոնյանի մայրը, ում մոտ ախտորոշվել է սրունքի բաց կոտրվածք: Նրան նույնպես կվիրահատեն: Վիրավորներից 39-ամյա ուղևորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Մի քանի օրից նա դուրս կգրվի հի վանդանոցից:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող 17-ամյա պատանին, ում մոտ գանգի հիմի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը հերքվել էր, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ: Այսօր պատանին դուրս է գրվել հիվանդանոցից: