Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը: Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորագրով:
Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն, որը մեծ բեռ է բոլոր երկրների առողջապահության համակարգերի համար: Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականի համեմատ 2012 թվականին շաքարային դիաբետի ընդհանուր հիվանդացությունն աճել է 1,8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը' 2.6 անգամ:
2006 թվականի դեկտեմբերի 20-ին Միավորված Ազգերի 61-րդ Վեհաժողովն ընդունեց 61/225 բանաձևը՝ շաքարային դիաբետի դեմ պայքարում աշխարհի բոլոր երկրները միավորվելու վերաբերյալ: Բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ շաքարային դիաբետը, լինելով ոչ վարակիչ հիվանդություն, նույնքան վտանգավոր է, որքան վարակիչ հիվանդությունների համաճարակը: Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում այլևս միայն բժշկական խնդիր չէ՝ այն ձեռք է բերել գլոբալ բնույթ: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին միավորվել դիաբետի դեմ պայքարում. իրականացնել համաճարակաբանական հսկողություն, ներդնել ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգ, ձեռնարկել հիվանդության դեմ պայքարի արդյունավետ կանխարգելման միջոցառումներ' բարձրացնելով հանրային իրազեկությունը ինչպես ռիսկի գործոնների, այնպես էլ հիվանդության և դրա բարդությունների, կանխարգելման և բուժման եղանակների վերաբերյալ:
ԱՀԿ մոտեցումների համաձայն' շաքարային դիաբետի առավել նշանակալի ռիսկի գործոններն են. անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի վնասակար ազդեցությունը և ծխախոտի օգտագործումը: Դրանց նպատակային նվազեցումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը հիվանդության կանխարգելման համակարգի հիմքն են: «Խուսափել ավելորդ քաշից, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, չծխել» շատ պարզ բանաձևը հնարավորություն է ընձեռում զգալի նվազեցնել հիվանդացությունը: Այս միջոցառումների շնորհիվ ձևավորվում է այն կարևոր գաղափարը, որ դիաբետը հիվանդություն չէ, այլ ապրելակերպ: