Օտարերկրյա պետություններից Հայաստան վերադարձի մտադրություն ունեցող քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ հայրենադարձությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները մինչ Հայաստան հասնելը: Նրանց համար գործարկվել է «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը, որը հնարավորություն է ստեղծում օգտակար տեղեկատվություն ստանալ ինչպես վերադարձի և վերաինտեգրման գործըն թացների մասին, այլնպես էլ հետադարձ կապի մեխանզմով հարցեր ուղղել Հայաստանի պետական մարմիններին:
Համակարգի շնորհանդեսի ընթացքում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ տարբեր ծրագրերի շրջանակում վերջին տարիներին Հայաստան է վերադարձել առնվազն 2 հազար անձ և ընդգծեց, որ այս համակարգը թույլ կտա ավելացնել նրանց թիվը: «Հայաստան վերադառնալ ցանկացողները հաճախ դժվարություններ են ունենում վերադարձի ճանապարհին, քանի որ լավ իրազեկված չեն և չգիտեն ինչպես կարգավորել ինչ-ինչ հարցեր: Այս համակարգի միջոցով նրանք կարող են մինչ վերադարձը ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանը և խուսափել շատ խնդիրներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:
Եգանյանի խոսքով' համակարգից տեղեկատվություն կարելի է ստանալ 3 մակարդակների միջոցով: «Առաջին մակարդակում տեղեկություննները զետեղված են վերադրաձի հետ կապված ոլորտային 15 բաժիններում, որտեղ յուրաքանչյուր գերատեսչություն մշակում և տեղադրում է իր ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունը: Այստեղ տեղեկատվությունը տեղադրվածէ հանրամատչելի ձևով, իսկ եթե անձը այս մակարդակում չի ստանում համապատասխան տեղեկատվությունը, ապա անցնում է հաջորդ մակարդակ: Երկրորդ մակարդակից օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ միայն համակարգում գրանցվելուց հետո: Այստեղ օգտատերը կարող է էլեկտրոնային եղանակով հարցեր ուղղել համապատասխան պետական մարնիններին, հետևել դրանց ընթացքին և ստանալ հարցերի պատասխանը»,- ասաց Միգրացիոն ծառայության պետը:
Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ եթե երկրորդ մակարդակում ևս քաղաքացին չի ստացել անհրաժեշտ տեղեկավությունը, ապա կարող է երրորդ մակարդակում տեսակապի միջոցով անձամբ զրուցել տվյալ պաշտոնյայի հետ: «Դա արված է հանդիպման մթնոլորտը պահպանելու համար: Այսինքն' եթե այդ քաղաքացին լիներ Երևանում, կարող էր դիմել նախարարություն' պաշտոնյայի հետ հանդիպման խնդրանքով, սակայն Հայաստանից հեռու գտնվելու պատճառով չունի այդ հնարավորությունը: Համակարգը նրանց ընձեռում է այդ հնարավորությունը»,- ասաց նա:
Համակարգը քաղաքացիներին հասանելի է www.tundarc.am ինտերնետային հասցեում: Համակարգի սպասարկման նպատակով Միգրացիոն պետական ծառայությունում վերապատրաստվել են 12 պատասխանատուներ: «Տունդարձ»-ի ստեղծման որոշումը Կառավարությունը կայացրել էր սեպտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում: