Հակառակորդի սադրիչ պահվածը խորթ չէ պաշտպանության բանակի համար, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն: Եռաբլուրում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հուղարկավորության արարողությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

 

«Ընդհանուր առմամբ, նման միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն ունենում են, սակայն բանակն ստեղծված է պատերազմելու համար, իսկ սա պատերազմի մի դրվագ է: Նման դեպքերից բանակը չի կարող հոգեպես անկում ապրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից հայկական անզեն ուղղաթիռի խոցմանը և բանակի վրա այդ միջադեպի ազդեցությանը:

 

Հարցին, թե որն է եղել պատճառը, որ ուղղաթիռն ուսումնավարժական թռիչքն այդքան մոտ է կատարել շփման գծին, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում դեպքի մանրամասները կպարզվեն:

 

Անդրադսռնալով Ադրբեջանի կողմից Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի հայտարելուն՝ Մովսես Հակոբյանը նշեց. «Թռիչքներ միշտ եղել են և շարունակելու են լինել: Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը»:

 

Դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ տերմինաբանական փոփոխություն է կատարվել՝ «չեզոք տարածք» հասկացությունը փոխարինվել է «ոչ ոքի տարածք» հասկացությամբ, ԼՂՀ ՊԲ հրամանատարն ասաց․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխել է՝ գրելով «ոչ մեկի կողմից չվերահսկվող գոտի»։ «Չեզոք գոտին» և «ոչ մեկի կողմից չվերահսկվող գոտին» նույն միտքն են արտահայտում, և ես դրա մեջ որևէ բան չեմ տեսնում»: