Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որով «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչներին' հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար:
«Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կապի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ավանեսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի N 1 վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Գարեգին Հարությունյանը և ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արսեն Ղուլյանը:
Մեկ այլ հրամանագրով' ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է. «Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է խոր գիտակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Ձեր աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում մեր ժողովրդի բարեկեցության եւ ժողովրդավարության ուղին բռնած մեր անկախ պետության վարկանիշի վրա, ինչն էլ պահանջում է բարձր արհեստավարժություն, մարդկային ու բարոյական որակներ, հայրենասիրություն ու անձնվիրություն:
Վստահ եմ, որ Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար եւ այսուհետ էլ կանի հնարավորը աշխատանքների արդյունավետության հետևողական բարձրացման ուղղությամբ: Իշխանություններն իրենց հերթին կշարունակեն ըստ ամենայնի աջակցել գերատեսչության ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը»: