ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով նոյեմբերի 30-ին ժամանել է Վաշինգտոն: Դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ընթացքում քնն արկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

 

Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոունի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի և ԼՂՀ խորհրդարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

 

Կոնգրեսական Ֆրենկ Փալլոունի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետեւանքները և այդ համատեքստում շնորհակալություն հ այտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը դատապարտող հայտարարությունների համար: