Երուսաղեմի Հայոց պատրարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի' Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ին ուղղված նամակին պատասխանել է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նրա խոսքով' նամակում անդրադարձ է կատարվել նաև իր գործունեությանը և երկար մտորումներից հետո որոշել է պատասխանել համացանցային նամակ-մեղադրանքներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նամակը:

 

«Ձերդ Ամենապատվության կողմից համացանցով տարածված անթվակիր և անստորագիր նամակն անշուշտ հասավ նաև ինձ:

 

Անկեղծ ասած, հաջորդող օրերին մնայուն տատամսումի մեջ էի' պատասխանե՞լ, թե՞ չպատասխանել Ձերդ Ամենապատվության նամակին' ի մասնավորի իմ անձին ուղղված սին մեղադրանքներին և անարգական արտահայտություններին: Ընդհանրապես, 26 տարվա իմ հոգևոր ծառայության մեջ խիստ հազվադեպ են եղել ինձ ուղղված գրավոր հրապարակային մեղադրանքներ, որոնց պատասխան տալու անհրաժեշտություն երբեք չեմ զգացել: Բայց ինչպես բխում էր Ձերդ Ամենապատվության նամակից, իմ լռությունը կարող էր Ձեր կողմից ընկալվել իբրև համաձայնության նշան…

 

Սակայն մյուս կողմից Ձերդ Ամենապատվության նամակի «տրամաբանությունը» նաև այն կանխավարկածն էր առաջ քաշում, որ Ձեր իբրև թե «կուռ և կշռադատված» մեղադրանքներին կհամարձակվեն պատասխանել սոսկ Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկները»' այն էլ պարզապես «տարուած գրպաններու ապահովութենէն»…

 

Ուրեմն ի՞նչ անել, երբ մի դեպքում Ձերդ Ամենապատվության կողմից ընկալվելու էի իբրև համամիտ (Աստված մի արասցե) Ձեր տեսակետին, մյուս դեպքում' իբրև «մանկլաւիկը» Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ոչ այնքան երկար մտորումներից հետո ի վերջո եկա այն համոզման, որ Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկ» որակվելը շատ ավելի մեղմ վիրավորանք կարող է լինել ինձ համար, քան Ձերդ Ամենապատվության հետ համամիտ նկատվելը: Իսկ իմ սիրելի եղբայրներ Բագրատ և Հովակիմ սրբազանների բաց նամակներից հետո լուռ մնալն արդեն պարզապես անհասկանալի կլիներ: Ուստիև սկսում եմ իմ զրույցÕ ¨ Ձերդ Ամենապատվության հետ…

 

Ամենապատիվ Պատրիարք Հայր, Սրբազան Եղբայր,

 

Դուք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում (անշուշտ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն էլ նկատի ունենալով) եպիսկոպոսական աստիճան ունեցող այն «միակ, եզակի և բացառիկ» հոգևորականն եք, ում հետ գլուխ գլխի զրուցելու հնարավորություն ես երբեք չեմ ունեցել (մինչ անձնական զրույցներ ունենալու առիթներ եմ ունեցել նաև երջանկահիշատակ Վազգեն և Գարեգին Ա Վեհափառների, Եղիշե, Շնորհք, Թորգոմ և Գարեգին պատրիարքների, Տիրան Ներսոյան, Սիոն Մանուկյան և Նորայր Պողարյան սրբազանների հետ): Առիթներ անշուշտ շատ են եղել, նամանավանդ 2007 թ. Ս. Զատկին' իմ այցելության ընթացքին, սակայն Դուք մշտապես, դեռ Ձեր և իմ վարդապետության տարիներից սկսած, միշտ վերևից եք նայել ինձ' թերևս ավելորդ համարելով իջնել Ձեր բարձունքից և Ձեր կրտսեր եղբոր հետ մի քանի մտերմիկ խոսք փոխանակել: Արդ ցավում եմ, որ մեր առաջին զրույցը Ձեր իսկ սադրանքով նման երանգ և բնույթ է ստանում:

 

Ես, իբրև Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկ», երկար-բարակ կարող էի խոսել Ձերդ Ամենապատվության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրված «գնահատականների» մասին և «զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք» սկզբունքով իջնել Ձերդ Ամենապատվության խոսքի և գործի մակարդակին, սակայն այդ դեպքում ամեն ինչով կնմանվեի Ձեզ, ինչի ցանկությունը բնավ չունեմ: Ուստի այդ առումով պարզապես ի խորոց սրտի աղոթում եմ, որ Ամենակալն Աստված այնքան երկար կյանք պարգևի Ձերդ Ամենապատվությանը, որպեսզի Ձեր զղջումի և ցավի կսկիծը հնարավորինս երկար տևի' Ձեր իսկ կողմից հարուցված այն անիմաստ խնդիրների ու ցնցումների համար, որ պատճառեցիք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն, հատկապես Մայր Աթոռին, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին և ի մասնավորի նաև հենց Երուսաղեմի Պատրիարքությանն ու միաբանությանը' ընդամենը հազիվ երկու տարվա գահակալության ընթացքում:

 

Սակայն մի բան պետք է լավ հիշեք (գուցե մոռացել եք), որ Ձերդ Ամենապատվությունը Մայր Աթոռի եպիսկոպոս է նաև, և իր ձեռնադրությունն ու օծումը, ինչպես նաև արքության պատիվը, ստացել է այն նույն Վեհափառ Հայրապետից, ում հասցեին այդքան շռայլորեն անպարկեշտ որակումներ է կիրառում: Առավել ևս Նիկիայի Տիեզերական Ժողովի որոշումների գիտակը պետք է լավ իմանա, որ Եկեղեցում չկա ավելի բարձր մարմին, քան Եպիսկոպոսաց ժողովը (որի զույգ նիստերին զլացաք մասնակցել սին պատճառաբանություններով), որն իրավունք ունի որևէ մեկ աթոռի գահակալի պատժել այն պատժով, ինչին վերջինս արժանի է… Իսկ Դուք, Ձերդ Ամենապատվություն, խոսքով արդեն հատել եք թույլատրելիի սահմանը, և Ձեզ խորհուրդ չէինք տա, որ այդ սահմանը խախտելու անմտությունն ունենաք նաև գործով…

 

Այժմ ավելի ծանրանամ իմ հասցեին հնչած «մեղադրանքների» վրա: Այստեղ անհրաժեշտություն եմ տեսնում անդրադառնալու ուղղակի իմ ասածներին: Եկեղեցական-«ներկայացուցչական թատերական ժողովի» (Ձեր բնորոշումն է չակերտների մեջ. Դուք եղեք Ձեզ դատավոր, թե որքանո՞վ է պատշաճ նման կերպ որակել աշխարհասփյուռ թեմերի հոգևորական և աշխարհական պատգամավորներից բաղկացած իրապես պատկառելի հավաքը) ընթացքին, ի պատասխան հ. Սամվելի հնչեցրած խոսքին, թե' «կուզեմ գիտնաք, որ այս ժողովի որոշումները պարտադիր չեն կրնար ըլլալ Երուսաղեմի համար», ես ասել եմ բառ ացիորեն հետևյալը. «Մի շփոթեք ինքնավարությունը (ավտոնոմիան) ինքնագլխության (ավտոկեֆալիա) հետ, Երուսաղեմի պատրիարքությունը ոչ թե ինքնագլուխ է, այլ ինքնավար»: Իրապես անսահմանափակ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի իմ այս խոսքերը թարգմանվեն իբրև պատրիարքությունը թեմի վերածելու «քաջաբար պահանջ»: Ի դեպ ասեմ նաև, որ եթե ես նույնիսկ հիմարությունն ունենայի նման «պահանջ» ներկայացնելու, ինձ առաջին լռեցնողն ու սաստողը հենց Վեհափառ Հայրապետն էր լինելու:

 

Ուրեմն սխալվում եք չարաչար, Ձերդ Ամենապատվություն, մեզ մեղադրելով «վայրահաչության» մեջ:

 

Ինձ մեղադրում եք «գրպաններու ապահովութենէն թելադրուած և տարուած» լինելու մեջ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եք Ձեզ դնում ծիծաղելի դրության մեջ: Այդ ե՞րբ և որտե՞ղ եք ականատես եղել իմ ընչաքաղցության և դրամասիրության դրսևորումներին: Ես 26 տարվա եկեղեցական եմ, որից 24 տարին ծառայել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում' բացի Հռոմում ուսանելու երկու տարիներից, որի ընթացքում ապրել եմ ամսեկան 100 դոլար թոշակով: Թե որքան կարող էի ապահովել իմ գրպաններն այս 26 տարում, թողնում եմ Ձերդ Ամենապատվության հաշվապահական հմտություններին, մինչ ես չեմ էլ փորձի թեկուզ մտովի պատկերացնել Ձերդ Ամենապատվության գրպանների պարունակությունը' նկատի ունենալով Ձեր բազմամյա ծառայությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում (զանց առնենք Ձեր լուսարարապետության և այժմ պատրիարքության շրջանների դրամական «նեղությունները»):

 

Ասում եք, որ անփույթ և անտարբեր եմ Շիրակի «թեմէն ներս ծաւալող աղանդներուն և կաթոլիկութեան անմիջական սպառնալիքի» նկատմամբ: Այսպիսի եզրակացություն կարող էր անել այն անձնավորությունը, ով իմ առաջնորդական գործունեության 15 տարիների ընթացքին թերևս մի 15 անգամ այցելած լիներ Շիրակի թեմ և բնականորեն ընդվզեր տիրող «անփութությունից և անտարբերությունից»: Ձերդ Ամենապատվությունն այդ անձնավորությունն է՞: Այս բոլոր տարիների ընթացքում' նախ իբրև լուսարարապետ Ս. Աթոռի, ապա իբրև գահակալ այդ Ս. Աթոռի, Ձերդ Ամենապատվությունը գեթ մեկ անգամ այց ելել է՞ Շիրակի թեմ' ծանոթանալու աղանդների և կաթոլիկների «ծաղկմանն ու զօրացմանը» և դատապարտելու տեղի առաջնորդի «անզգամ և ապաշնորհ» կեցվածքը:

 

Ձերդ Ամենապատվություն, Դուք հետաքրքրված չեք Հայաստանով և հայաստանաբնակ ժողովրդով, հետաքրքրված չեք անգամ Հայաստանի եկեղեցական և մշակութային ժառանգությամբ: Ձեզ բնավ չեն մտահոգում Հայաստանում Հայ եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերները, մինչ Ձեր անտեղի և մտացածին «քննադատություններով» ինքներդ եք քաջալերում այլադավանների մարդորսական հակումները: Ձեր հետաքրքրությունների շրջանակն սկսվում և ավարտվում է հայաստանյան զվարճախոսությունների և խոհարարական հմտությունների պարունակի մեջ. ուրեմն ինչո՞ւ եք շոշափում մի թեմա, որն անգամ չի էլ հուզում Ձերդ Ամենապատվությանը:

 

Այնուամենայնիվ, խնդրում եմ հաղթահարել Ձեր ձանձրույթը և ծանոթանալ հետևյալ թվերին. ըստ վերջին մարդահամարի տվյալների (որոնք ընդունվել են նաև օտար կազմակերպությունների կողմից), Շիրակի թեմի բնակչության 92 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, կաթոլիկները (ընդ որում Շիրակը կաթոլիկների բնակության պատմականորեն հիմնական տարածքն է) կազմում են ընդամենը 3 տոկոս, մնացած բոլոր այլ դավանությունների հետևորդները միասին վերցրած (ընդ որում նաև ազգային փոքրամասնությունները' ռուսներ, եզդիներ և այլն)' ընդամենը 1 տոկոս, իսկ մնացյալն էլ նրանք են, ովքեր իրենց կամ աթեիստ են համարել, կամ էլ ցանկություն չեն ունեցել որևէ դավանություն նշել: Կարծես թե անհարմար բան ստացվեց. պարզվում է, որ Ձերդ Ամենապատվությունը նաև այս հարցում է անտեղյակ և անգիտակ…

 

Առաջին զրույցը Ձերդ Ամենապատվության հետ կարծես թե շատ երկար ստացվեց, թեև ասելիքները բնավ չսպառվեցին: Կներեք Ձեզ պատճառած ձանձրույթի համար, թեև նախաձեռնությունը Ձեզանից էր: Իբրև վերջաբան կասեի հետևյալը. Ձերդ Ամենապատվությունն սպառնում է Վեհափառ Հայրապետին, որ «հով սերմանեց և հիմա պիտի պատրաստուի անոր փոթորիկները հնձել»: Այս մեռելածին «մարգարեական» հայտարարության դիմաց թույլ տվեք հարցնել Ձերդ Ամենապատվությանը, իսկ Դուք ի՞նչ եք հնձելու, Դուք, որ Երուսաղեմի Ս. Աթոռին բարձրանալուց անմիջապես հետո անընդմեջ ուղղակի փոթորիկ ցավելով եք զբաղված: Այս մասին Չերչիլը որևէ բան չի՞ ասել: Իսկ գուցե ենթադրե՞ք: Չէ՞ որ ենթադրելը Ձերդ Ամենապատվության մոտ գերազանց է ստացվում:

 

Չէի՞ք մտածել այս մասին: Ուրեմն լավ կլինի, որ սրանից հետո որևէ նամակ գրելուց առաջ մի լավ մտածեք (հոգևորականի գլուխը նախ և առաջ այդ գործողությունը կատարելու համար է, ոչ թե պարզապես թանկարժեք խույրով զարդարելու): Կարծեմ, չափազանց դժվարին կամ անհնարին բան չեմ պահանջում Ձերդ Ամենապատվությունից, այնպես չէ՞:

 

Մնամ Երուսաղեմի Առաքելական Ս. Աթոռի անսասանության համար աղոթող»: