Որպես Մինսկի խմբի համանախագահ' Ջեյմս Ուորլիքը կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում բոլոր կողմերի հետ տարվող բանակցությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը հայտարարել է Վաշինգտնում ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր ունեցած հանդիպման մասին APA գործակալության հարցին տված պատասխանում:

 

«Մենք քննարկել ենք նոյեմբերի 12-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված լարվածությունը նվազեցնելու կարեւորությունը եւ հակամարտության տեւական կարգավորման ուղղությամբ բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», -ասել է Ուորլիքը:

 

Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում հանդիպել էր ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: