Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին նվիրված «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 28-ին: Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն է, ում կարծիքով' Նժդեհի մասին պետք է անընդհատ խոսել, պետք է ապրել նրա օրինակով ու փիլիսոփայությամբ:
Թեև դեռ ժամանակ կա մինչ պրեմիերան, սակայն շատերի քննադատությանն է արժանացել հենց ֆիլմի պաշտոնական թրեյլերը: «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունն էլ է բոյկոտելու ֆիլմը, քանի որ ֆիլմը ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ ոչ միայն չեն համապատասխանում, այլև տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին: Նրանք որպես օրինակ են բերում այն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառը ոչնչացրած «Վալեքս» ընկերության կողմից: Մյուս հովանավորը Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Բացի այդ, Facebook-ում շատերի կողմից քննադատության արժանացավ հենց Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանի՝ Я Гарегин Нжде արտահայտությունը: Մի քանիսը ծիծաղաշարժ հոլովակներ նկարեցին, ինչն էլ ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկման առարկա դարձավ:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Գարեգին Նժդեհ» ֆիլմում Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը:
- Թրեյլերում ամենից շատ քննադատվեց «Я Гарегин Нждэ» դրվագը. Ձե՞ր, թե՞ ռեժիսորի մտահղացումն էր:
- Երբ մարդը ֆիլմը ամբողջությամբ նայի, նոր կարող է իրեն թույլ տալ նման բաներ ասել, գրել, բայց սա թրեյլեր է, սա օգտագործվում է որպես գովազդային միջոց, չի կարելի այդ մի բառը վերցնել և դրոշակ սարքել: Ընդհանրապես' ես սա վերագրում եմ դավաճանության և սրբապղծության: Ադրբեջանում մարդասպանը ստանում է ազգային հերոսի կոչում, մարգարեացվում է, իսկ մենք մեր մարգարեին դավաճանաբար վարկաբեկում ենք: Սա մի՞թե ազգասիրություն է կամ մեր ազգի հերոսի թասիբին կանգնելու փորձ… Ոչ, ինչքան էլ վատ լինի, դա իմն է, ինչքան էլ վատ լինի, դա իմ ազգինն է, ինչո՞ւ ես դու թշնամու հետ համագործակցում, այ սրբապիղծ:
- Այս տեսահոլովակները, որոնցում ծաղրվում է թրեյլերի դրվագը, արդյոք սև PR էր ռեժիսորի՞ դեմ:
- Ընդհանուր առմամբ' ամբողջ հայ ազգի, հայոց պատմության դեմ էր, որոնց «գյամերը» պետք է քաշել, իսկ այդ տեսակ գրողներին, այդ տեսակ մարդկանց հրավիրում եմ բոլորին Չինարի գյուղ' սահմանին պահակ կանգնելու, մյուս օրն էլ Արցախ կգնանք, Արցախի սահմանների վրա պահակ կկանգնենք' մինչև իրենք իրենց եղբայրների՝ թուրքերի և ադրբեջանցիների հետ հանդիպեն, տեսնեմ' ո՞նց են իրենց եղբայրներին դիմավորում:
- Հատկապես քննադատվում է այն, որ Հրաչ Քեշիշյանն է ֆիլմի ռեժիսորը, ասում են, որ այս ֆիլմը չպետք է նա նկարեր, կան մեծություններ՝ Փելեշյան, Շահնազարով և այլք:
- Հրաչ Քեշիշյանը շատ լավ և գերազանց ռեժիսոր է, իրեն պետք է այս ազգը չգիտեմ' ոնց մեծարի, որ ինքը հանձն առավ, ազգանվեր այս գործն արեց. սա հերոսությանը հավասար գործ է: Եթե ուրիշներն ուզում էին անել, թող անեին, նա նրանց ձեռքը չի բռնել, թող անեն, բերեն դնեն կողքը, ասեն' սա մեր ֆիլմն է, սա էլ' ձեր ֆիլմը, տեսեք. այդ ժամանակ կխոսենք:
- Հիմա ադրբեջանցի և թուրք ո՞ւմ եք ասում' նրա՞նց, ովքեր տեսահոլովակ են նկարել և ծաղրել են, թե՞ բոլոր ընդդիմացողներին:
- Նրանց, ովքեր վարկաբեկում են Նժդեհի անունը և մեր ազգի պատիվը:
- Նժդեհը ո՞վ էր Ձեզ համար, պատասխանատվությունն արդյոք մեծ չէ՞ր նման կերպար կերտելու համար:
- Եղբայր, պատասխանատվությունը միայն Նժդեհի կերպարի հանդեպ չէ, ընդհանրապես պատասխանատվությունը մեծանում է, երբ ծնվում ես, երբ քո անձնագրի մեջ գրում են հայ, արդեն մեծ պատասխանատվություն է:
- Հիմա կարծում եք' սա սև PR է, որը ֆիլմը վարկաբեկելու նպատա՞կ ուներ:
- Սա տգիտություն է, դավաճանություն. եթե մի բան չես տեսել, ինչպե՞ս կարող ես այդ ամենի մասին խոսել:
- Կարծում եք' կարծիքը կփոխվի՞ ֆիլմի հանդեպ, երբ այն դիտեն:
- Թող նայեն, հետո ամեն մեկը իր ձևով կընկալի և կհասկանա: Համենայնդեպս, չէի ցանկանա, որ դավաճանները նայեն, ափսոս է ֆիլմը, որ իրենք նայեն, իրենք այդքանից ավելիի չեն կարող գնալ, ավելին չեն կարող տեսնել, որովհետև իրենք բանի պետք չեն, իրենք ոչ մի բան կյանքում չեն արել:
- Կարծում եք' սա Նժդեհին արժանի՞ ֆիլմ էր:
- Անպայման…