17 նահանգներից բաղկացած կոալիցիան որոշել Է դատի տալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին: Հայցի համար առիթ Է ծառայել միգրացիոն բարենորոգումը, որը պետության ղեկավարն իրականացրել Է առանց Կոնգրեսի հավանության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Հայցադիմումի նախաձեռնող Է հանդես եկել Տեխասի նահանգը:

 

«Նախագահն անտեսել Է այն օրենքները սահմանված կարգով իրականացնելու պարտավորությունը, որոնք պարտադիր պետք Է ներկայացվեն Կոնգրեսի քննարկմանը: Նա իրավունք չուներ ստորագրելու միգրացիոն բարենորոգման հրամանագիրը»,- հայտարարել Է Տեխասի գլխավոր դատախազ Գրեգ Էբոտը, որն ընտրվել Է Տեխասի նահանգապետ, բայց դեռ չի ստանձնել պաշտոնը:

 

Ինչպես նշվում Է, կոալիցիայի մեջ են մտել հիմնականում այն նահանգները, որոնք պաշտպանում են հանրապետականներին, դրանց թվում են Ալաբաման, Այդահոն, Միսիսիպին եւ Յուտան:

 

Նոյեմբերի 22-ին Օբաման հայտարարել Է օրենքի ստորագրման մասին, որը թույլ կտա վտարումից խուսափել հինգ միլիոն անօրինական գաղթյալների: Նա ասել Է, թե խոսքը վերաբերում Է այն մարդկանց, ովքեր «ավելի քան հինգ տարի ապրում են ԱՄՆ-ում, ամերիկացի քաղաքացիների ծնողներ են, ինչպես նաեւ նրանց, ում ԱՄՆ են բերել մանուկ հասակում»: