Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Օրակարգում «ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր:
Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը նշել է, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը որպես հիմք ընդունել է ԼՂՀ Նախագահի նախընտրական եւ գործադիր մարմնի 2012-2017թթ. գործունեության ծրագրերի դրույթները՝ հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացման միտումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ 2015 թվականին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու տնտեսական զարգացմանը եւ աճի կայուն տեմպերի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ եւ արժանապատիվ պայմանների ստեղծմանը, պետականաշինությունը և երկրի պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը։
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով կառավարությունն առաջարկում է հաստատել ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեն. եկամուտների գծով՝ 83,246.3մլն դրամ, ծախսերի գծով՝ 88,127.6մլն դրամ եւ դեֆիցիտը՝ 4,881.3 մլն դրամ:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ լրացուցիչ պարզաբանումներ տալով պետբյուջեի նախագծի առնչությամբ պատգամավորների բարձրացրած հարցերին: Ամփոփելով համատեղ նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ից մեկնարկող քննարկումները տարբեր ձեւաչափերով եւ փուլերով շարունակվելու են մինչեւ լիագումար նիստը՝ համաձայն հաստատված ժամանակացույցի: