ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը՝ Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձով, շարունակվել է 1 ժամ և տասը րոպե: Այն 39 անգամ ընդհատվել է ծափահարություններով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ամենաբուռն օվացիաները հնչել են ելույթի այն մասում, որտեղ պետության ղեկավարը խոսել է Ղրիմի վերամիավորման և Ռուսաստանի պետական ինքնիշխանության ապահովման մասին:
Առավել հաճախ ծափահարություններ են հնչել, երբ Պուտինը խոսել է տնտեսության և գործարարության զարգացման միջոցների՝ կայուն հարկային ռեժիմի, բիզնեսի աշխատանքի պայմանների ապահովման, ճանապարհաշինության տեմպերի, մոնոքաղաքների զարգացման և առաջանցիկ զարգացման տարածքների մասին: Ծափահարություններով են դիմավորվել նախագահի բարի խոսքերը գյուղի աշխատավորների հասցեին 2014 թվականի ռեկորդային բերքի համար:
Դահլիճում ծափահարություններ են հնչել նաև Պուտինի ելույթի այն մասում, երբ նա խոսել է սոցիալական ոլորտի՝ բժշկության, կրթության զարգացման միջոցառումների մասին, ինչպես նաև երբ նա շնորհավորել է օլիմպիականներին և պարաօլիմպիականներին Սոչիի Օլիմպիադայում նրանց տարած հաղթանակների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: