ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին ճեպազրույցի ընթացքում Եգիպտոսի թեմայի շուրջ սեփական մեկնաբանությունն անհեթեթ է անվանել: Այս մասին հայտնել է ABC News-ը:
Այս խոսքերը պետդեպարտամենտի ներկայացուցիչը հնչեցրել է՝ կարծելով, որ խոսափողն արդեն անջատված է:
Ճեպազրույցի ընթացքում Պսակիին խնդրել են մեկնաբանել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արդարացումը ցուցարարների սպանության գործով, ինչին մամուլի քարտուղարը պատասխանել է. «Մենք շարունակում ենք անկողմնակալություն պահպանել, որը հնարավոր է դարձնում քաղաքական կոնսենսուսը, որից կախված է Եգիպտոսի կայունությունը և տնտեսական աճը»: Հետագա մեկնաբանություններից Պսակին հրաժարվել է:
Լրագրողները դժգոհություն են հայտնել մամուլի խոսնակի հայտարարությունից. «Այն, ինչ դուք ասացիք, հավասարազոր է ոչինչ չասելուն»,- ասել է լրագրողներից մեկը:
Երբ ճեպազրույցն ավարտվել է, և դահլիճի լույսերը մարել են, Պսակին ասել է հետևյալը. «Եգիպտոսի մասով հայտարարությունս ծիծաղելի էր»:
Այս արտահայտությունը ձայնագրվել է, այնուհետև տարածվել ԶԼՄ-ներով: