ՀՀ բնապահպանության նախարարի նոյեմբերի 27-ի հրամանով, սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, 2014 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամանակավորապես դադարեցվելու է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարարության, ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանա լճի հարակից համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման միջոցառումներ իրականացնելու հարցով:
Խորհրդակցության սկզբում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ստորագրել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագիրը:
Բնապահպանության նախարարի հրամանով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է մինչև ս/թ դեկտեմբերի 8-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը, շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա' համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետո ւթյան Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:
Համատեղ միջոցառումների ծրագրով սահմանվել է, որ Լիճք, Վարդենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող համայնքների բնակչության հետ պետք է տարվի համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն նշված գետերի հունի երկայնքով: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Միջոցառումների ծրագրով նաև նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացնել Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում: Հանձնարարվել է նաև կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում և լիճ թափվող գետերի վրա: