Խ. Աբովյան անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը խորապես վշտակցում է Լավրենտի Բարսեղյանի հարազատներին, մտերիմներին, կոլեգաներին, ուսանողներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ:
Մինչև կյանքի վերջին օրը Լավրենտի Բարսեղյանն աշխատել է Մանկավարժական համալսարանում և իր փորձն ու գիտելիքների անսահման պաշարը փոխանցել ուսանողներին: Նրա անունը վառ կմնա ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ Մանկավարժական համալսարանի պատմության մեջ:
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի եւ ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:
Նա 1959 թվականին ավարտել էր Երևանի պետական համալսարանը։ 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ: 1978-1985 թթ.' ՀԱՊԹ տնօրեն, 1984-1985 թթ.' միաժամանակ՝ ՀՊՊԹ տնօրեն: 1988-1991 թթ.՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավորվարչության պետն էր, 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ:
Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ էր: Նրա աշխատությունները վերաբերել են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:
Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998-ից) էր, «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003-ից):