Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վստահ է՝ դժոխքը տեսնելով' հաղթել ենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու մոտ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգստի կարգ կատարելուց հետո, իր առաջնորդական խոսքում Միքայել սրբազանը խորհուրդ տվեց բոլորին արժևորել կյանքը: «Դժոխքն անձամբ տեսանք ու դժոխքին հաղթեցինք: Ու այսօր, ի տես վերակառուցված Սբ. Ամենափրկչի ու եկեղեցու գագաթին դրված հաղթական սուրբ խաչի, ասում ենք՝ ու՞ր է, մահ, քո հաղթությունը: Մահը հաղթեցինք, մնում է մեր կյանքն արժևորենք և անիմաստ, աննպատակ զոհեր չտանք: Թող Աստված խնայի անիմաստ զոհերից ու թող Աստված լուսավորի մեր բոլոր ննջեցյալների հոգիները, նաև նրանց, ովքեր այս 26 տարիների ընթացքում իրենց աչքերը փակեցին՝ երկրաշարժի վերքը սրտերում: Տա Աստված, երբ մենք փակենք մեր աչքերը , այդ վերքը բուժված լինի»,-նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Գյումրիում այսօր' դեկտեմբերի 7-ին, հարգել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Առավոտյան հոգեհանգստի պատարագ է մատուցվել Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում: Քսանվեց տարի առաջ Սպիտակի ահեղ երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին' տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։