Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը: Այսպիսով' Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելին, քան մոտ 261 միլիոն դրամը: Ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը դատապարտվեցին 5,5 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելին, քան մոտ 261 միլիոն դրամը: Այս մասին գրում է yerkir.am-ը:

 

Մյուս ամբաստանյալները դատապարտվեցին 4-4,5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն դատարանը, կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման տեսքով պատիժը չեղյալ համարեց՝ նշանակելով պայմանական ազատազրկում՝ 1 տարի փորձաշրջանով:

 

Հիշեցնենք, որ գործով անցնող ամբաստանյալները մեղադրվում են 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու մեջ: Համաձայն մեղադրողի' ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամ: