Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այն կարծիքին Է, որ կառավարող թիմի ընդդիմախոսները հիմքեր չունեն պնդելու, որ երկրում տնտեսական եւ ազգային արժույթի՝ լարիի ճգնաժամ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն սկսել Է ակտիվորեն նվազել նոյեմբերի 20-ից եւ դեկտեմբերի 10-ին կայացած սակարկությունների՝ արդյունքներով մեկ դոլարի դիմաց կազմել Է 1,92 լարի: Վերջին ժամանակներս Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը պահվում Էր 1,74 - 1,76 GEL/$1-ի մակարդակի վրա: Ընդդիմությունը քանիցս հայտարարել Է, որ լարիի փոխարժեքի նվազումը վրացական իշխանությունների «սխալ տնտեսական քաղաքականության» արդյունքն Է:

 

«Մեր ընդդիմախոսներից ոչ մեկը ոչ մի հիմք չունի ասելու, որ երկրում տնտեսական ճգնաժամ Է կամ լարիի ճգնաժամ եւ այլն: Ընդհակառակը, նույնիսկ այս բարդ իրավիճակում մենք կարողացել ենք հաջող քաղաքականություն վարել: Ցանկանում եմ բնակչությանն ասել, որ տարածաշրջանում՝ Ուկրաինայում, Թուրքիայում եւ հարեւան երկրներում, եւ, իհարկե, Ռուսաստանում շատ բարդ տնտեսական եւ քաղաքական իրադրություն Է: Անտարակույս, այդ ամենն անդրադառնում Է մեր տնտեսության վրա, մեր լարիի վրա»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին կառավարության՝ դեկտեմբերի 10-ին կայացած նիստում:

 

Վարչապետն այն կարծիքին Է, որ Վրաստանում տպավորիչ տնտեսական աճ Է դիտվում: Նախօրյակին վարչապետը հայտարարել Է, որ լարիի փոխարժեքի անկման վրա ազդել Է բնակչության խուճապը եւ արհեստական իրարանցումը, որոնք ստեղծվել են իշխանության քաղաքական ընդդիմախոսների կողմից:

 

Իր հերթին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին հավելել Է, որ ազգային արժույթի փոխարժեքն աստիճանաբար կայունանում Է: «Իրարանցումը հանդարտվել Է, ինչպես եւ մենք ասում Էինք: Փոխարժեքն աստիճանաբար կայունանում Է»,-հավելել Է Խադուրին: