Դեկտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 8-ի սահմաններում իր տան շքամուտքում հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան տնից դուրս կանչած հանցագործները բացեիբաց հայտարարել են, որ նրա նկատմամբ հաշվեհարդար են տեսնում հենց վերջինիս քաղաքական գործունեության, այն է՝ ի հեճուկս Լեռնանիստի գյուղապետի արգելքի՝ իրենց գյուղում դեռ սեպտեմբերին Հրազդանի հանրահավաքների մասին իրազեկում կատարելու համար։
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքական ահաբեկչության արդեն վեցերորդ դեպքն է, հաջորդած՝ նոյեմբերի 26-27-ին «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամների և հակաիշխանական ակցիայի այլ մասնակիցների ավտոմեքենաների հրկիզմանը, նոյեմբերի 27–ին՝ նույն կազմակերպության անդամ Գևորգ Սաֆարյանի, դեկտեմբերի 9-ին՝ ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ, հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, դեկտեմբերի 10-ին՝ նույն դաշինքի խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանի, դեկտեմբերի 11-ին՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարած դավադիր, և բոլոր դեպքերում՝ կյանքի համար վտանգավոր հարձակումներին։
Կուլմինացիայի հասած հասարակական ըմբոստության և իշխանությունը կորցնելու վախի պայմաններում Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը, այլևս զրկված քաղաքական պայքարի ունակությունից ու մեթոդներից, ապավինել է ավազակաբարո գործելակերպի ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական առումով անցնելով անթույլատրելիության բոլոր սահմանագծերը։
Այս ամենը մարտահրավեր է ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլ Հայաստանի պետական համակարգին և ողջ ժողովրդին։ Իշխանությունը կորցնելու վախը մթագնել է վարչախմբի բանականությունը, և նա քաղաքական ընդդիմության դեմ պայքարը տեղափոխել է այլ հարթություն՝ որդեգրելով որևէ իշխանության համար անպատվաբեր՝ դարանակալ ահաբեկչության ստոր ու ամոթալի մեթոդը։ Ահաբեկչական ակտերի՝ իշխանության կողմից կազմակերպված լինելը, ըստ էության, հաստատվում է հենց ՀՀ ոստիկանապետի և ներքին զորքերի հրամանատարի ցինիկ հայտարարություններով։
Ընդ որում՝ քիչ-թե շատ նորմալ երկրում նման հայտարարություններ անող ցանկացած բարձր պաշտոնյա հաջորդ րոպեին պաշտոնանկ պիտի արվեր։ Ու քանի որ դա չի արվել, ուստիև, որպես ռեժիմի միանձնյա ղեկավար, անձամբ Սերժ Սարգսյանի վրա է ընկնում թվարկված ահաբեկչական բոլոր ակտերի պատասխանատվությունը։
Այս ամենը մարտահրավեր է Հայաստանի ողջ ժողովրդին, նրա պետականությանը, ազգային անվտանգությանը և չի կարող հանդուրժել արժանապատվություն ունեցող որևէ հասարակություն։ Նմանօրինակ գործելակերպը ոչ միայն չի կարող կոտրել ռեժիմի դեմ ծառացած Համաժողովրդական շարժման քաղաքական կամքը, այլ առավել հրատապ է դարձնում ամբողջական իշխանափոխության նրա ծրագրի շուտափույթ իրականացումը։