Արարատի մարզի Բուրաստան համայնքի կես դարից ավելի չգործող Սուրբ Հակոբ եկեղեցում դեկտեմբերի 13-ին կատարվեց ժամերգություն: Եկեղեցական արարողությանը ներկա էին ողջ գյուղապետարանի անձնակազմը' գյուղապետ Աշոտ Թարվերդյանի ղեկավարությամբ, Բուրաստանի եւ շրջակա համայնքների բնակիչները:
Հակոբ Մծբնա Հայրապետի անունը կրող 13-րդ դարի հինավուրց եկեղ եցում ժամերգությունը կատարեց Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը: Վերջինս խոսեց նաեւ օրվա խորհրդի մասին: Նա ասաց, որ դեկտեմբերի 13-ին հանրապետության բոլոր Սուրբ Հակոբ եկեղեցիներն ի պատիվ նրա տոնի' կատարում են պատարագ: Հոգեւոր հովիվը ներկայացրեց Մծբին քաղաքի Հայրապետ Սուրբ Հակոբի կյանքը, նրա հրաշագործությունները: Նա հորդորեց հավատավոր ժողովրդին հետեւել նրա օրինակին, ապրել սրբակենցաղ վարքով, օգնել թույլին, հիվանդին, տկարին: Տեր հայրը խնդրեց Սրբին բարեխոս լինել մեր եւ Աստծո միջեւ, խաղաղ պահել ողջ մոլորակն ու Հայաստան աշխարհը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, եկեղեցին չգործելու տարիներին ծառայել է եւ որպես զորանոց, եւ թունաքիմիկատների պահեստ: Այսօր այն հարդարված է մասնակիորեն: Աշոտ Թարվերդյանը նշեց, որ աշխատանքներ է տանում Արարատյան Հայրապետական թեմի հետ' եկեղեցին վերաօծելու ուղղությամբ, որից հետո ամեն կիրակի եկեղեցում կմատուցվի պատարագ:
Դեկտեմբերի 13-ին' Սուրբ Հակոբի տոնի կապակցությամբ, մարզի երեք համանուն եկեղեցիները մատուցեցին պատարագ:
Լիլիթ Մաճկալյան