Սիրիական բանակը Հասաքե քաղաքում վնասազերծել է պայթուցիկ սարքավորումներով մեքենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, անհայտ զինյալները մանկավարժական միավորման շենքի առջև կայանել են ավելի քան 300 կգ կշռող պայթուցիկ սարքավորումներով բեռնված ականապատ մեքենան: Բացի այդ, Սիրիայի հատուկ ծառայությունները Հասաքե քաղաքում վնասազերծել են 5 0 կգ-անոց պայթուցիկ սարքավորում:

 

Սիրիական բանակը Դեր Զորի Հուեյջա Սաքր գյուղում «Իսլամական պետության» թաքստոց է ոչնչացրել: Արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

 

«Ջունուդ ալ Ակսա» ծայրահեղական խմբավորման զինյալնեը Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլեբի մարզում, հարձակումներ են իրականացնում բանակի հենակետերի վրա: Նրանց հաջողվել է գրավել Առ Ռայ, Զաալան, Դաբաան բնակավայրերը: Խմբավորումը մտնում է «Ջաբհա ան Նուսրա»–ի մեջ:

 

Դրան զուգահեռ, սիրիական բանակին հաջողվել է արգելափակել զինյալների տարածումը Թուրքիայի սահմանից դեպի Հալեպ: Սիրիական բանակին հաջողվել է հասնել մինչև Հանդարաթ, ինչը նրան թույլ կտա հսկել քաղաքի մուտքը:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ է զոհվել: Միլիոնավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում: