Հանրապետության գլխավոր՝ հրապարակում տեղադրված եղևնու լույսերը կվառվեն դեկտեմբերի 22-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 16-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով՝ մայրաքաղաքի ձևավորման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ դեկտեմբերի 22-ից կվառվեն բոլոր վարչական շրջան ների լույսերը:

 

«Մայրաքաղաքը տոնական տեսք կստանա, և երևանցիները, հյուրերերը կվայելեն տոնական զարդարանքը: Քաղաքապետարանը մասնավոր հատվածի հետ է համագործակցում, և լավագույն ձևավորված մասնավոր ընկերությունը, խանութը կպարգևատրվի մեր կողմից: Դեկտեմբերի 22-ին տոնական միջոցառում կկազմակերպվի, բազմաթիվ մարդիկ կմասնակցեն տոնական համերգային ծրագրի, որին ելույթ կունենան էստրադայի սիրված կատարողները: Յուրաքանչյուր վարչական շրջանում տոնածառ է տեղադրված, և ամեն վարչական շրջանում մինչև դեկտեմբերի 31-ը կիրականացվեն միջոցառումներ», -«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սուքիասյանը:

 

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ դեկտեմբերի 23-ից մինչև գարուն Կարապի լճում կգործի սահադաշտը, և ցանկացողները սահելու հնարավորություն կունենան:

 

Դեկտեմբերի 25-ին քաղաքապետարանում կկազմակերպվի ամանորյա պաշտոնական ընդունելություն, և կպարգևատրվեն տարբեր ոլորտների ներկայացուցիչները:

 

«Տոնական և ջերմ մթնոլորտ կտիրի: Իսկ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը կանցկացվի ամանորյա միջոցառում, հանրությանը կողջունեն անվանի երգիչ-երգչուհիները: Մետրոն կգործի մինչև 2-ը, որպեսզի բնակչությունը տուն հասնի», -նշեց Սուքիասյանը:

 

Տոնական միջոցառումներից անմասն չեն մնա նաև փոքրիկները: «Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդյան օրը, կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ: Այնուհետև հունվարի 13-ին տոնական համերգով կամփոփվեն բոլոր միջոցառումները, կանցկացվի տոնական երեկո», -հավելեց քաղաքապետի տեղակալը:

 

Քաղաքապետարանը կիրականացնի նաև սոցիալական ծրագրեր: Շուրջ 24 հազար անապահով ընտանիքներ կստանան մթերքի տեսքով նվերներ, իսկ 38 հազար 500 քաղցրավենիքի փաթեթներ կուղարկվեն տարբեր օջախներում, այդ թվում' մանկատներում ապրող երեխաներին: Քաղաքապետարանը ձեռք է բերել նաև ամանորյա ներկայացումների 4000 տոմսեր, որոնք կբաժանվեն փոքրիկներին: Համայնքային բյուջեից ընդհանուր առմամբ 48 միլիոն դրամ է հատկացվել տոնական միջոցառումների կազմակերպման համար:

 

Քաղաքապետի տեղակալը կոչ արեց բոլորին մասնակցել բոլոր տոնական միջոցառումներին և վայելել Ամանորը: