Հարգելի′ ընթերցող, այս տարի լրանում է ՀՀ ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպության 10-ամյակը, և դեկտեմբերի 21-ին տեղի կունենա կազմակերպության 5-րդ հոբելյանական համագումարը: Այս կապակցությամբ մեր այսօրվա զրուցակիցն է ՀՀ ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպության փոխնախագահ Վաչիկ Հովսեփյանը:

 

 

-Պարո′ն Հովսեփյան, կպատմե՞ք Ձեր կազմակերպության կողմից իրականացվող նախաձեռնությունների մասին:


-«Երիտասարդ Երկրապահ» կազմակերպության անդամները կառույցի հիմնադրման օրվանից տարվա ընթացքում ունեն օրեր, որոնք նշում են միշտ և պարտադիր: Հայաստանի Հանրապետության «Բանակի օրվան» նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ ենք հանդես գալիս ՀՀ տարբեր քաղաքներում, սահմանամերձ զորամասերում, դպրոցներում ու բուհերում:

 

Մարտի 5-ին ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ԵԵԿ անդամները այցելում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետի շիրիմին, մասնակցում «Պատանի Երկրապահ» ակումբի երդման արարողությանը, ՀՀ տարբեր քաղաքներում կազմակերպում միջոցառումներ:

 

Երիտասարդ երկրապահները ակտիվորեն մասնակցում են դեպի Հայաստանի մարզեր, Արցախ աշխարհ կազմակերպվող երկրապահական ամենամյա ուխտագնացությանը՝ անցնելով փառապանծ Երկրապահների, Երկրապահ Կամավորական ջոկատների, ինչպես նաև լեգենդար 5-րդ Բրիգադի անցած մարտական ուղով: Վերը նշված նախաձեռնություններից բացի՝ ԵԵԿ անդամները տարվա ընթացքում կազմակերպում են նաև այլ միջոցառումներ, հանդիպումներ, սեմինարներ, համաժողովներ, հավաքներ և մասնակցում դրանց:

 

 

-Ի՞նչ կասեք այն երիտասարդներին, ովքեր դեռ չեն համալրել Ձեր շարքերը:


-Այսօրվա ոչ պատերազմ և ոչ էլ խաղաղության պայմաններում կցանկանամ, որ մեր երիտասարդները միավորվեն, բռունցք դառնան, որովհետև երբ մենք միասին ենք, մենք ուժեղ ենք, իսկ եթե մենք ուժեղ ենք, ուրեմն մենք հաղթած ենք, հաղթելու ենք և պետք է հաղթենք:

 

Դա ցույց տվեց մեր հզոր բանակը, մեր անպարտ բանակը, և դա ցույց է տալիս նաև ամբողջ հայ ժողովուրդը: Հենց այս գաղափարներով լցված երիտասարդներն են լսում մեր ձայնը, նրանք են համալրում մեր շարքերը, և հպարտությամբ կարող եմ արձանագրել՝ կա՛նք, պիտի լինե՛նք ու դեռ շատանանք…