Հայաստանում և Ռուսաստանի հարևան երկիրներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները պայմանավորված չեն միայն ՌԴ դեմ ԱՄՆ կիրառած պատժամիջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին' պ ատասխանելով «Ամերիկայի ձայնի» ներկայացուցչի կողմից տրված հարցին:
Լրագրողը մասնավորապես հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ազդում են նաև այլ երկրների վրա, ինչպիսին է, օրինակ, Հայաստանը, որն, ի դեպ, լավ հարաբերություններ ունի ԱՄՆ հետ: Լրագրողն ընդգծել է, որ հայկական դրամի արժեզրկումը' կապված Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետ, հատկապես ոժեղացել է վերջին մի քանի օրվա ընթացքում: Նա փորձել է հետաքրքրվել' արդյոք ԱՄՆ-ն ունի հատուկ մշակված ծրագիր կամ մոտեցում, որը կօգներ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից տառապող երկրներին:
«Հարկավոր է նայել Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը: Ռուսաստանում տնտեսական ներկա իրադրությունը, որն ազդում է նաև հարևան երկրների վրա, բացառապես միայն պատժամիջոցների հետ չէ, որ առնչվում է: Իրավիճակը շատ ավելի բարդ է, ինչի պատճառն են, օրինակ, նավթի գների անկումը, Ռուսաստանում տնտեսական ոչ ճիշտ կառավարումը, տնտեսության դիվեսիֆիկացիայի, բիզնեսի զարգացման և նորարարությունների պակասը»,- ասել է Պսակին: Նրա համոզմամբ' սրանք գործոններ են, որոնք խաղում են իրենց դերը Ռուսաստանի առջև այժմ ծառացած խնդիրների համար: