Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի hասարակայնության հետ կապերի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի' անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝ սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ, միակողմանի ծնողազուրկ ուսանող, երրորդ խմբի հաշմանդամ ուսանող, հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող, տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող, հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող, պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 3-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից' ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):