Եզդիական ջոկատները «Պեշմարգա» քրդական զինվորական ուժերի հետ դեկտեմբերի 17-ին' ժամը 16:00-ի սահմաններում, հարձակվել են Սինջարի վրա և ազատագրել քաղաքի մի հատվածը:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավ որում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, եզդիական զորքերն իջեցրել են «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման սև դրոշը և փոխարենը տեղադրել եզդիական ազատագրական դրոշը:

 

«Առավոտյան ես զրուցել եմ այնտեղի մեր մարդկանց հետ, ովքեր պատմեցին, որ իսլամիստները նահանջել են' թողնելով իրենց մահացած զինվորների դիակները: Քաղաքը դեռ լիովին ազատագրված չէ և Շանգալի ազատագրական ջոկատներն ամեն ինչ անում են այսօր քաղաքն ամբողջովին ազատագրելու և վաղը «Այդա էզիդը» այնտեղ նշելու համար»,- ասաց Շարոյանը:

 

Նա հավելեց նաև, որ Իրաքի արևմուտքում գտնվող Նինվե նահանգի Սինջար քաղաքի ազատագրմանն ուղղված հերթական հարձակումը նախապատրաստվել էր մեկ ամիս առաջ և այդ ժամանակից ի վեր իսլամիստները սկսել են թալանել և կողոպտել եզդիների տները:

 

Իսկ մեր հարցին, թե եզդիները երբ կկարողանան վերադառնալ իրենց հայրենի քաղաք' Շարոյանը նշեց. «Ցեղասպանության արհավիրքները և սարսափները տեսած եզդիներին շատ դժվար է ճամբարներից քաղաք վերադարձնել: Եզդիները սպասում են, որ միջազգային ուժերի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո այնտեղ ստեղծվի Շանգալի եզդիների ազգային ինքնավար հան րապետություն կամ օկրուգ' ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»: