Ամերիկյան հայտնի CNN հեռուստաընկերությունն On The Road ծրագրի շրջանակներում հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին. 22 րոպեանոց ֆիլմն արդեն համացանցում է' հասանելի ավելի լայն զանգվածների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակները ներկայացրել են հայաստանյան երիտասարդ սերնդին' նրանց հետաքրքրություններն ու գործունեությունը, Հայաստանի շատ տեսարժան վայրեր ու դրանց առանձնահատկությունները:
Հաղորդման շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին: Ընդգծվում է, որ այսօր հենց այստեղ կարելի է հանդիպել հայ ստեղծարար երիտասարդների նոր սերնդի ներկայացուցիչներին, ովքեր «տաղանդավոր և ամբիցիոզ են»:
Տեսաֆիլմում խոսվում է շախմատի նկատմամբ հայերի ունեցած սիրո մասին' չմոռանալով ընդգծել այն հանգամանքը, որ այսօր շախմատը դարձել է պարտադիր առարկա հայաստանյան դպրոցներում:
Տեսանյութի հեղինակները պատմում են, որ Հայաստանի ոգին հասկանալու համար պետք է նախ և առաջ այցելել Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: «Հազարավոր մարդկանց հավաքական հիշողությունը կենտրոնացված է հենց այստեղ' այս սարսափելի իրադարձության շուրջը, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը: Այն կանգուն հիշեցումն է հայկական երկարատև պատմության ընթացքում տեղի ունեցած սեյսմիկ խզման, երբ մեկ ու կես միլիոն հայ քրիստոնյաներ, ովքեր բնակվում էին Օսմանյան կայսրությունում, կոտորվեցին»,- պատմում է տեսանյութը:
Որպես դարեր շարունակ հայերին համախմբող կարևոր ուժ է ներկայացվում հայկական եկեղեցին: «Հայաստանն առաջին ազգն էր, որը քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն 301 թվականին»,- նշում են հեղինակները' պատմելով Հայաստանի տարածքում այսօր գործող անհավանական վանքերի ու եկեղեցիների մասին, որոնք հզոր կապ են ստեղծում անցյալի հետ: Ներկայացվում է Գեղարդի վանական համալիրը, Գառնու հեթանոսական տաճարը:
Անդրադառնալով հայկական սփյուռքի գոյությանը' հեղինակները պատմում են, որ թեև աշխարհում բնակվող 10 միլիոն հայերից միայն 3 միլիոնն են, որ Հայաստանում են, այդուհանդերձ, վերջին տարիների ընթացքում սփյուռքահայ երիտասարդներից շատերը սկսել են վերադառնալ և գործունեություն ծավալել հայրենիքում:
Հաղորդման եզրափակիչ հատվածում հեղինակները նշում են, որ Հայաստանով ողջ ճանապարհորդության ընթացքում իրենք հանդիպեցին հայերի նոր սերնդի ներկայացուցիչների հետ, ովքեր ցույց տվեցին, որ պատրաստ են շարժվել իրենց ծնողների անցյալից առաջ և ընդունել ապագան առանց սահմանների: «Ամենահիշարժան պահն այդ ընթացքում, երբ մենք Հայաստանում էինք, այն էր, որ բոլոր մարդիկ' թե’ երիտասարդ, թե’ ծեր, պատրաստ էին բաց անել իրենց սրտերը և մեզ հետ կիսել իրենց հայրենիքը»,- եզրափակել են հաղորդման հեղինակները: