Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է: Նման գնահատական տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
«Այս օրը միավորում է բոլոր նրանց, ովքեր ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը համարում են իրենց սրբազան պարտքը երկրի և ժողովրդի առջև: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո վերաիմաստավորվեց նաև Ազգային անվտանգության ծառայության դերն ու ընկալումը հասարակության մեջ' ազգային անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրներից բացի ներառելով նաև քաղաքացու' սահմանադրորեն ամրագրված իրավունքների իրական պաշտպանի գործառույթը»,- «Արմենպրես»-ին փոխանցմամբ' ասաց վարչապետը:
Նրա խոսքով' այն ազգային անվտանգության ապահովման ամենակարևոր տարրերից է, որը համահունչ է մեր երկրում իրականացված լայնածավալ ժողովրդավարական գործընթացներին: Ծառայության նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու վստահությունն արդյունավետ գործունեության լավագույն երաշխիքն են:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տարիներ շարունակ պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին և աշխարհաքաղաքական արագ փոփոխվող իրավ իճակների արդյունքում մեր երկրի առջև ծագող տարաբնույթ մարտահրավերներին:
Վարչապետը վստահություն հայտնեց, որ նրանց կուտակած հարուստ փորձն ու մասնագիտական հմտությունները ներկայիս աշխատակիները կշարունակեն ծառայեցնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ապահովմանը, մեր պետականության հետագա ամրապնդմանն ու հզորացմանը»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ԱԱԾ-ի աշխատակիցների սոցիալական խնդիրները և հետևողականորեն շարունակելու է դրանց բարելավմանն ուղղված քաղաքականութ յունը:
ՀՀ ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում նշանակալի ձեռքբերումների համար, ինչպես նաև ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արսեն Չատինյանը և ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ Հ Հ ԿԱ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ Վահե Պապոյանը և ՀՀ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Գագիկ Հարությունյանը՝ խրախուսվել ՀՀ վարչապետի շնորհակալագրով: