Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը դեկտեմբերի 22-ին կայցելի Դիժոն քաղաք, որտեղ նախօրյակին տղամարդը ավտոմեքենան ուղղել է մարդկանց բազմության վրա՝ վիրավորելով 11 հոգու:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը, Renault Clio-ի ղեկի առջեւ նստած 40-ամյա տղամարդու ինքնությունը պարզված է: Նա ոստիկանությունում հաշվառման մեջ է եղել 1990-ական թվականներին կատարված ոչ մեծ իրավախախտումների համար: Նա հոգեպես անհավասարակշիռ է համարվում եւ ավելի վաղ բժիշկների հսկողության տակ է եղել տեղական հոգեբուժարանում:

 

Պատահարը լայն արձագանք է առաջացրել այն հանգամանքի կապակցությամբ, որ հանցագործը վրաերթի ժամանակ գոչում էր՝ «Ալլահ աքբար» եւ հիշատակում էր «պաղեստինցի երեխաներին»: Այս տեղեկատվությունը տեղական հեռուստատեսությանը հայտնել է ոստիկանների արհմիության ներկայացուցիչ Միշել Բոննեն:

 

Հանցագործը բռնված է, ավտոմեքենայի երկու ուղեւորները թաքնվել են, նրանց որոնում է կատարվում:

 

ՆԳՆ-ում հայտարարել են, թե առայժմ վաղ է խոսել պատահարի եւ այն միջադեպի միջեւ կապի առկայության մասին, որը դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Տուր քաղաքում: Այնտեղ իսլամիստը դանակով հարձակվել էր ոստիկանի վրա:

 

Դեկտեմբերի 15-ին Agence France-Presse-ը հաղորդել էր, որ Ֆրանսիայում վերացվել է Սիրիա զինյալների տեղափոխման կապուղին, որտեղ նրանք պետք է իսլամիստների կողմում մասնակցեին զինված հակամարտությանը: Կալանավորվածների ստույգ թիվը չի նշվել:

 

Ֆրանսիայի ՆԳՆ նախարարությունը հայտնել Է, որ երկրում զգալիորեն աճել է այն իսլամիստների թվաքանակը, ովքեր «ջիհադի» համար ուղեւորվում են Սիրիա եւ Իրաք. ընթացիկ տարում այդ ցուցանիշն ավելացել է 80 տոկոսով:

 

Նոյեմբերին Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլեն հայտնել էր, որ Ֆրանսիայի շուրջ 1130 քաղաքացիներ են մասնակցում իսլամիստական խմբավորումների գործունեությանը: Նաեւ նշվել էր, որ «Իսլամական պետություն» արմատական շարժման 16 զինյալների թվում, որոնք մեղսակից են ամերիկացի պատանդ Փիթեր Քեսիգի սպանությանը, երկու ֆրանսիացիներ են եղել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: